Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ԱՄԲԱԿՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ
22.12.2009 | 00:00

Քեզ կտեսնեն ժողովուրդները
և երկունքի ցավեր կունենան.
Դու ես հաստատում ջրերի ընթացքը։
Անդունդները ձայն տվեցին սաստիկ բարձրությամբ։
Ապուշ դարձնելով խորտակեցիր
բռնակալների գլուխը։
Նրանք կսասանվեն դրանից,
կարձակեն իրենց երասանները,
ինչպես գաղտագողի ուտող աղքատ (3.10,14)։
Ամբակումի մարգարեական ծառայության ժամանակին վերաբերող կարծիքները տարբեր են, քանզի դեռ Օգոստինոս Երանելին է նկատել, որ 12 փոքր մարգարեներից 3-ը` Աբդիուն, Նավումն ու Ամբակումը, իրենց իսկ առաքելության ժամանակի մասին ոչինչ չեն հայտնում, լռություն են պահպանում նաև Եվսեբիոսի և Հերոնիմոսի տարեգրությունները։ Սակայն, այնուամենայնիվ, գրքի տեղեկությունները թույլ են տալիս գրքի գրության ժամանակը թվագրել Ք. ա. 7-րդ դարի կեսով` մոտ 650 թվականով։
ԳՐՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ Երանելի Հերոնիմոսի. «Ամբակումի մարգարեությունը հասցեագրված է Բաբելոնին և Նաբուքոդոնոսորին` քաղդեացիների թագավորին. և ինչպես որ Նավումը, ում հաջորդում է Ամբակումը, մարգարեանում էր Նինվեի և ասորեստանցիների դեմ, ովքեր հաղթեցին Իսրայելի տասը ցեղերին, այնպես էլ Ամբակումը մարգարեություն ստացավ Բաբելոնի և Նաբուքոդոնոսորի դեմ, ում ձեռքով կործանվելու էին Հուդան, Երուսաղեմն ու Տաճարը»։
Այնուամենայնիվ, մարգարեի ուշադրությունը, ինչպես և, անկասկած, նրան ժամանակակից բարեպաշտ հրեաների միտքը զբաղված էր իրենց հայրենիքի կրոնահասարակական կյանքի ներքին տրամադրություններով և առավելապես ժամանակի մեծագույն չարիքով, որ է` ուժի գերակայությունն իրավունքի նկատմամբ, դատավորների ամբարշտությունը, օրենքի կատարյալ սնանկացումը և բուն օրինականության զգացմունքի բթացումը։
Մինչև ե՞րբ, Տե՛ր, աղոթեմ, բայց դու չլսես,
զրկված` ձայն տամ Քեզ, և Դու չփրկես։
Ինչո՞ւ ինձ ջանք ու հոգնություն պատճառեցիր`
թշվառություն և ամբարշտություն տեսնելու։
Իմ առաջ եղավ դատաստանը,
և դատավորը կաշառք էր առնում։
Այդ պատճառով օրենքը խափանվեց,
և արդարությունը գլուխ չի գալիս.
քանի որ ամբարիշտը ճնշում է արդարին,
դրա համար էլ սխալ դատաստան էր լինում (Ա 2-4)։
Սա տրտմագին տարակուսանք և մեծ կսկիծ էր պատճառում մարգարեին ժամանակակից համայնքին, որի մտքերն ու տրամադրություններն Ամբակումը հանդգնորեն արտահայտեց առ Աստված իր գանգատներում։ Սակայն պատասխանն արտասովոր էր։ Անշուշտ, Աստված ինչ-որ բան անում է այդ չարությունը կասեցնելու համար.
«Ահա Ես կարթնացնեմ քաղդեացիներին`
դաժան ու արագընթաց մի ազգ,
որ արշավում է երկրի լայնքով մեկ`
ժառանգելու այն բնակավայրերը,
որոնք իրենը չեն։
Նա ահեղ է ու սարսափելի»։
Ա6-11 համարներում տեղ գտած քաղդեացիների նկարագիրը լի է համարձակ փոխաբերություններով. նրանք պատկերված են իբրև ահեղ մի ուժ, որն իր ճանապարհին ցիրուցան է անում ամեն ինչ։ Զարմանալի է, այդ թվում նաև իր` մարգարեի համար, թե ինչու է Աստված Իր նպատակներն իրագործելու համար այդպիսի ուժ կիրառում։
Առաջին գանգատը մի շարք խրթին խնդիրներ է հարուցում։ Ինչո՞ւ Աստված արմատախիլ չի անում չարը։ Ինչո՞ւ է թույլ տալիս, որ այն շարունակվի։ Տիրոջ հակազդեցությունը միշտ չէ, որ այնպիսին է, ինչպես մարդիկ են կամենում։
Ի պատասխան Աստված ասում է, որ կպատժի Հուդայում արմատավորված չարությունը բաբելացիների ձեռամբ։ Մարգարեն ստացավ իր աղոթքի պատասխանը, սակայն այն անսպասելի է իր համար։ Բարձրյալը կպատժի Իր սեփական ժողովրդի մեղանչումները մեղավոր ու ատելի մի ժողովրդի ձեռամբ։ Պետք է որ այս պատասխանը շփոթեցրած, բայց բնավ չսփոփած թողներ մարգարեին։ Աստված միշտ պատմությանն ընթացք է տալիս (Ա 5,6)։ Նա բարձրացնում ու խոնարհեցնում է ժողովուրդներին, նույնիսկ մեղավորներին է օգտագործում Իր կամքի կատարման համար։ Սույն տարակուսանքներին առանձնակի ուժ ու սրություն էր հաղորդում այն հանգամանքը, որ քաղդեացիները, իբրև Աստծո ձեռքին գավազան` հրեաներին և մյուս ժողովուրդներին պատժելու գործիք, ավելի ամբարիշտ էին, քան հրեաները, հպարտանում էին սեփական զորությամբ` այն Աստծո տեղը դնելով և սանձարձակ չարագործություններ կատարելով (Ա 9-16)։ Այսպիսի հանգամանքներում մարդկային չար կամքի դրսևորումների վերաբերմամբ Աստծո նախախնամության հարցն առանձնահատուկ սրությամբ էր դրվում։ ՈՒստի գրքի բովանդակ առաջին գլուխը տարակուսանքներով առլեցուն գանգատների ու բողոքների տեսք ունի Աստծո ժողովրդի հարստահարողների նկատմամբ Աստծո անըմբռնելի երկայնամտության առումով։
Աստծուց սարսափելի պատասխան ստանալուն պես (5-11) ակամայից նոր տարակուսանք է առաջ գալիս մարգարեի` թեկուզ և խորապես հավատավոր հոգում. ինչո՞ւ է Աստված որոշել պատժել հրեաներին հենց քաղդեացիների ձեռամբ, որոնց մեծ հանցավորությունն արդեն բացահայտվել էր աստվածային առաջին պատասխանում։ Աստվածային պատասխանը, սակայն, այս անգամ անհապաղ հետևեց և այն պետք էր գրել տախտակի վրա.
«Ահա ամբարտավան հոգին չի հանգստանա,
իսկ արդարը հավատքով կապրի» (Բ 4 ըստ Եբր. բնագրի)։
Եբրայերեն «էմունան», հենց հավատն ու ապավինությունն է առ Աստված և Նրա փրկությունը (այլ ոչ թե ազնվությունն ու արդարությունը, ինչպես բացատրում էին ռացիոնալիստական ուղղության մի քանի մեկնիչներ)։ Սա ակներև է թե տվյալ հատվածից և թե հինկտակարանյան այլ տեղիներից, ուր խոսվում է միայն առ Աստված մարդու վերաբերմունքի մասին, ընդ որում, ըստ այդմ սովորաբար կյանքի երջանկությունն ու փրկությունը պայմանավորված էին այդ հավատով։ Հավատի հինկտակարանյան եկեղեցու այս ընկալումն անցավ նորկտակարանյանին և հավաստվեց Պողոս առաքյալի եռակի վկայությամբ (Հռոմ. Ա 17, Գաղ. Գ 11, Եբր. Ժ 38)։
Ինչ վերաբերում է «էմունա» բառի ստուգաբանությանը, ապա այն հաստատակամություն և ամրություն է նշանակում. երբ խոսքն Աստծո մասին է, ապա հասկանում ենք Նրա անփոփոխ և անսասան հավատարմությունը Իր իսկ խոստումներին, իսկ երբ խոսքը մարդու մասին է, ապա դա հավատն է առ այն, որ Աստված կկատարի Իր խոստումները։ Փաստորեն հավատը ոչ թե վերացական հասկացություն է, այլ ավելի շուտ առ Աստված հավատարմություն։ Միով բանիվ, ըստ Ամբակումի, արդարը կապրի անսասան հավատով առ Աստված և այդպիսին կմնա անկախ փորձություններից։ Հիսուսը նույնն էր ուսուցանում սերմնացանի առակում (Մատթ. 13.21), նույն միտքն արտահայտված է նաև Հակ. Ա 12-ում։
Աստված պատասխանեց, որ կպատժի չարը, սակայն Ինքը կընտրի եղանակն ու ժամանակը։ Արդարև բարեպաշտ մարդը չի կորցնի իր հավատն այն պատճառով, որ չարն անհապաղ պատժված կամ արմատախիլ արված չէ։
Ըստ Աստծո դատաստանի` անխուսափելի է քաղդեացիներին սպասվող կործանումը, ինչը և կապահովի Իսրայելի գալիք փրկությունը։
«Վա՜յ նրան, ով յուրացնում է այն,
ինչ իրենը չէ...
որովհետև հանկարծ կելնեն նրան ատողները,
կզարթնեն նրա դավաճանները,
և դու ավար կդառնաս նրանց համար։
Քանի որ դու կողոպտեցիր բազում ազգերի,
ժողովուրդների ամբողջ մնացորդացը քե՛զ կկողոպտի
մարդկանց արյան, երկրի, քաղաքի
և նրա բոլոր բնակիչների ամբարշտության համար» (Բ 7-9)։
Ի վերուստ ստացած այս աստվածային սպառնալիքներն ու խոստումները մարգարեի սրտում վսեմ ցնծության տրամադրություն են առթում, ինչը պսակվում է մի հրաշալի աղոթքով կամ աղոթական-փառաբանական երգով, որում պատկերված է Աստծո հայտնությունն աշխարհ` Իր արքայության թշնամիներին դատելու և Իր Օծյալի գլխավորությամբ Իր ընտրյալների փրկության համար։ Ահա այդպիսին է Ամբակում մարգարեի գրքի երրորդ և վերջին գլուխը։
Այստեղ ակնհայտ է իր ծավալով ոչ մեծ այս գրքի չափազանց կարևոր պատմական և դավանաբանական նշանակությունը: Նավումի գրքի նման, որն արտացոլում է սուրբգրային Իսրայելի պատմության ասորեստանյան ժամանակաշրջանի ավարտը, Ամբակում մարգարեի գրվածքը մատնանշում է քաղդեական ազդեցության սկիզբը այդ պատմության մեջ: Իսկ երրորդ գլխի աստվածահայտնության նկարագրությունը, որ հենվում է սինայական օրենսդրության հին սուրբգրային նկարագրության վրա, շատ բնորոշ է գերությանը նախորդող շրջանի մարգարեական հայացքներին, մինչդեռ բաբելոնյան գերությունից հետո Աստծու՝ մարգարեներին շնորհած հայտնությունները այլ՝ վախճանաբանական բնույթ ունեին:
Սակայն անհամեմատ կարևոր է գրքի ներքին՝ գաղափարական կողմը: Այստեղ մեծ հստակությամբ արտահայտված են հինկտակարանյան սուրբգրային աստվածաբանության և Աստծու արքայության և ի Քրիստոս գալիք փրկության հինկտակարանյան վարդապետության կարևորագույն գաղափարները: Նախ և առաջ խիստ արտահայտիչ կերպով է բարձրացված և որոշակիորեն լուծված արդեն հիշատակված խնդիրը՝ Աստծու աշխարհակալ նախախնամության հարաբերությունն առհասարակ մարդկային կյանքի և մասնավորապես այդ հարաբերություններում դրսևորված մարդկային չար կամքի նկատմամբ: Մարգարեն վկայում է, որ Տիրոջ իշխանությանը հնազանդվում են նաև մեծ աշխարհածավալ հեթանոսական տերությունները, որոնց Նա ժողովուրդներին դատաստան անելու համար է ասպարեզ իջեցնում, իսկ հետո, երբ նրանք չեն ճանաչում Նրա աշխարհակալ զորությունը և աստվածացնում են սեփական ուժերը (Ա 5-7), իրենք են դառնում Աստծու դատաստանի ու պատժի թիրախ (Բ 5-8, 10-13 և այլն): Հետևաբար, ոչ մի աստվածամարտ ուժ չի կարող կանգուն մնալ: Այնուհետև մեծ հստակությամբ մատնանշվում են Աստծու հինկտակարանյան արքայության անդամների ներքին հատկությունները՝ նրանց աննկուն ու երկմտությունից զերծ հավատն ու հավատարմությունն առ Աստված (Բ 5ա), նրանց համբերությունը, հնազանդությունն ու անխռով հանդարտությունը վշտերի մեջ (Գ 16), նրանց անմնացորդ նվիրվածությունը Աստծուն և ուրախությունը Նրա շնորհած փրկության համար (Գ 18): Հատկապես գեղեցիկ է մարգարեի վսեմ բարոյագիտական հայացքը Տիրոջ՝ «Իսրայելի Սուրբի» (Ա 12) և Ամենակալ Աստծու (Բ 13) սուրբ բնության վերաբերյալ. «Մաքուր է քո աչքը՝ չարիք տեսնելուց հեռու. անօրենությանը նայել չես կարող» (Ա 13): Այսինքն՝ վսեմ վարդապետության միջոցով մարգարեն կարծես դուրս է գալիս Հին Կտակարանի շրջանակից և հոգով մտնում արդեն Նոր Կտակարանի անդաստանը: Իսկ ՈՒղղափառ Եկեղեցին Ամբակում մարգարեի գրքում շատ հստակ մարգարեություն է տեսնում Հիսուս Քրիստոսի գալստյան մասին:
Նրա լեզուն միշտ դասական է, առլեցուն հազվագյուտ` միմիայն իրեն հատուկ բառերով ու դարձվածքներով, նրա հայացքներն ու շարադրանքը դրոշմված են ուրույն զորությամբ և արդիական գեղեցկությամբ։ Չնայած հուժկու ձգտմանն ու մտքի բարձր թռիչքին` գիրքը նրբորեն տարանջատված և հմտորեն ի մի բերված ամբողջություն է։ Ոչ մի տեղ (Աստվածաշնչի մյուս գրքերում) Աստծո և մարգարեի միջև կայացած զրույցն այդքան ներհուն չէ, ոչ մի տեղ մարգարեական խոսքն այդքան սերտաճած չէ քնարականին (տաղաչափությամբ և երաժշտականությամբ հանդերձ)։
ԾՆԹ. Հին Բաբելոնը ստեղծվել է Ք. ա. դեռևս 3200 թվականին շումերական, աքքադական և այլ ժողովուրդների մշակութային միավորման արդյունքում և գոյատևել մինչև Ք. ա. 2000 թիվը։ Վերծանված հնագույն բաբելական գրությունը թվագրվում է 3100 թվականով և շումերերեն է, որը Միջագետքի գրության լեզուն էր, քանզի շումերներին է պատկանում սեպագրի ստեղծման երախտիքը, որը և կիրառվեց մոտ 3000 տարի։ Սակայն աքքադացիներն աստիճանաբար գրավեցին այդ տարածքը։
Ք. ա. 1900-1600 թթ. Բաբելոնը նվաճեցին սեմական ծագում ունեցող Ասորիքից ելած քոչվորները` ամորհացիները, ովքեր և հիմնեցին առաջին բաբելոնյան թագավորությունը։ Մեծ հռչակ էր վայելում հատկապես 6-րդ բաբելոնյան հարստության արքա Համուրապին, որի 282 դրույթներից կազմված օրենսգիրքը` դիորիտե սև քարակոթողի վրա հավերժացրած, հասել է մեզ և վերծանվել։
Ապա մի տևական ժամանակաշրջան Բաբելոնն ընկնում է Ասորեստանի իշխանության տակ։
Քաղդեացիները, ովքեր ստեղծեցին նոր Բաբելոնը կամ նոր քաղդեական թագավորությունը, նույնպես սեմական լեզվաընտանիքին պատկանող ցեղեր էին, որոնք զբաղեցնում էին ասորեստանյան կայսրության հարավային տարածքները և իրենց ըմբոստ ելույթներով անհանգստացնում աշխարհակալ կայսրությանը։ Ի վերջո, նրանց հաջողվեց գահին նստեցնել Նաբոպալասար թագավորին (Ք.ա. 625-605)` նոր բաբելոնյան կայսրության հիմնադրին, որը սկսեց ընդարձակել իր կայսրության տիրույթները, իսկ 612 թվին, ինչպես այդ մասին արդեն խոսել ենք, մարերի հետ կործանեց Ասորեստանը։ Իսկ արքայի թագաժառանգ Նաբուքոդոնոսորի օրոք նոր բաբելոնյան կայսրությունը հասավ իր զարգացման գագաթնակետին։ Քաղդեացիներն իրենց վայրագությամբ ոչ մի բանով չէին զիջում արյունարբու ասորեստանցիներին, սակայն ավելի շատ հայտնի են աշխարհին իրենց աստղագիտական գիտելիքներով։ Զորօրինակ. կենդանակերպի որոշ անուններ, ինչպես` Երկվորյակ, Կարիճ, Այծեղջյուր, օգտագործում են ցայսօր, իսկ «քաղդեացի» բառը ուշ շրջանում Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում և այլուր մոգի, կախարդի, աստղագուշակի և պարզապես գուշակի իմաստ ուներ։
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2502

Մեկնաբանություններ